Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ որոշ ուժեր չարաշահում են ազատ մամուլի տված հնարավորությունները

Armenpress 16:38, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի համար նոր իրավիճակ է արձանագրում, երբ պետք է ավելի շատ խոսել երկրի  ժողովրդավարության զարգացման, կայացման ու պահպանության մասին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արտախորհրդարանական որոշ ուժեր չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները:

«Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան, ես խնդիր եմ տեսնում, որ իրենք, այսպես ասած, չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, ազատ մամուլի հնարավորությունները, հասարակությունում պառակտում են մտցնում և խնդիրներ ստեղծում։ Այս առումով մենք քննարկում ենք ծավալում, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տալ։ Այս խնդրի լուծումը նման է ածելիի ծայրով քայլելուն, ու այդ սահմանը շատ նուրբ է։ Պետք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք և այս սահմանով գնալով պահպանենք ժողովրդավարության սկզբունքներն ու անվտանգությունը երկրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե որ ուժերի մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին չի  կարող նրանց մասին ավելի կոնկրետ խոսել, բայց բնականաբար, դրանք արտախորհրդարանական ուժերն են։ «Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային  հանդես եկողներն են, ովքեր կեղծ լուրեր են տարածում։ Դա անում են կեղծ հաշիվների միջոցով և այդ կեղծ հաշիվներում ավելի մեծ ազատություն ունենալով»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին՝  նկատի ունի ՀՀԿ-ին, թե ՀՅԴ-ին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դժվար է իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում, բայց այդ մասով որոշակի կասկածներ էլ են առաջանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am