Սուրբծննդյան տոնավաճառ, Բրեգովիչի համերգ. Ամանորին Երևանում տոնական միջոցառումների պակաս չի լինի

Armenpress 14:24, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 14-ին ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երեւանի քաղաքապետարանի վրա:

«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երեւանի 2750-ամյակի (Շահումյանի անվան) պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

«Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով»,-տեղեկացնում է Կարապետյանը:

Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271 միլիոն 797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am