Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարին

Armenpress 17:45, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող  հարցեր։

Վադիմ Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Նա կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը և բավականին տպավորիչ համարել  վերջիններիս զարգացումը։

Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել,  որ այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն արդեն ծավալում են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում, զարգացման և ակտիվության էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Նա կարևոր է համարել ազատ տնտեսական գոտու արդյունավետության բարձրացմանն ուղղված ավելի ակտիվ քայլերի իրականացումը՝ կազմակերպությունների կողմից հետաքրքրության մեծացման և ներդրումների ներգրավման տեսանկյունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am