Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը բավականին նվազել է. Կարինե Մինասյան

Armenpress 15:03, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը համարում է, որ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ (կեղծված) ապրանքների շրջանառության դեմ պայքարի առումով Հայաստանը բավականին շահեկան դիրքերում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանում ՊԵԿ-ը շատ ուժեղ համակարգեր է դրել, վերահսկողությունը բավականին բարձր է: Կարծում եմ, որ կոնտրաֆակտ ապրանքների տեսանկյունից Հայաստանն ամենաարդյունավետ երկրներից է ԵԱՏՄ տարածքում»,-ասաց Մինասյանն ու նկատեց՝ Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը բավականին նվազել է:

Մինասյանի կարծիքով՝ կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը Հայաստանում ամենաակտուալ խնդիրը չէ, առհասարակ թեթև արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության խնդիր կա: Նա շեշտեց՝ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության դեմ պայքարի համար քայլեր են իրականացնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am