«Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը

Armenpress 12:36, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն ասաց, որ հյուրախաղերի են եղել հոկտեմբերի 23-30-ը:  

«Կոմիտաս և հայ կոմպոզիտորներ» խորագրով համերգներ ենք ունեցել Շտուտգարտում, Հոկենհայմում, Շպայերում: Հայ երաժշտությունն արտերկրում շատ լավ է ընդունվում: Ավաղ, յուրաքանչյուր համերգի ներկա էր երկու կամ երեք հայ ունկնդիր: Դահլիճներում գերազանցապես օտարերկրացիներ էին»,- ընդգծեց Մհեր Նավոյանը:

Նա խոստովանեց, որ չի կարող ասել, թե ինչու էր հայ համայնքի մասնակցությունը նվազ, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ հյուրախաղերի հրավերը գերմանական կողմից էր, թեև  Շտուտգարտում ելույթ են ունեցել` համագործակցելով «Հայ մշակույթի օրեր» փառատոնի հետ:

Նավոյանի խոսքով` բացի կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երկերից, կատարել են նաև հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր` խմբերգային մշակումներ:

Երաժշտագետը գոհունակություն հայտնեց` ասելով, որ Կոմիտասի 150-ամյակը  հայաստանյան համերգային կոլեկտիվների ջանքերով պատշաճ մակարդակով  է նշվում: «Կարծում եմ` այլ խմբեր նույնպես հանդես են գալու արտերկրում, իսկ «Գեղարդ» երգեցիկ խումբը ավարտեց արտասահմանյան ելույթները: Մի քանի համերգ կունենանք Հայաստանում` եզրափակելով կոմիտասյան տարին»,-շեշտեց Նավոյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am