Ավինյանը «Հուավեյ»-ի փոխնախագահին ներկայացրել է ՏՏ ոլորտում ՀՀ ներդրումային հնարավորությունները

Armenpress 15:10, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի  ներուժը  և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am