Թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել. Նիկոլ Փաշինյան

Armenpress 13:21, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանային աջակցության համար միջոցներ տրամադրելու որոշման նախագծին:«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչպես եղավ, որ մեկ տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ խնայվեց: «Իսկ  նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս  հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել:«Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ այդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ կարճ հաղորդագրություն է հղել՝ «դուխով շարունակեք»: «Ասում եմ՝ դուխով շարունակեք», - դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝  նշեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am