Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Բենք օֆ Չայնա»-ի նախագահին

Armenpress 12:12, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է չինական «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահ Լիու Լիանգին: «Բենք օֆ Չայնան» ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)  և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները: Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար առկա բարենպաստ միջավայրը` պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Բենք օֆ Չայնա»-ի Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում կողմերը ցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am