ԵՄ-ն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. դեսպան

Armenpress 17:22, 4 Նոյեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ոչ միայն շահագրգռված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների իրականացմամբ, այլև աջակցում է դրանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս  մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը։

«Եվրոպական միությունը  Հայաստանում  շատ սերտ կոնտակտի մեջ  է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝բարեփոխումների օրակարգի իրականացման  գործում և կայուն ժողովրդավարական զարգացումներին։  Այդ իսկ պատճառով Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և  Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

ԵՄ  դեսպանը նաև նշեց, որ Եվրոպական Միությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am