Քաղաքագետը մի շարք պետությունների համար ազդեցիկ է համարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը կարող է ազդեցիկ լինել մի շարք պետությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանն ասաց հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Սա որևէ իրավական հետևանք չունի, այդ թվում նաև Միացյալ Նահանգների նախագահի համար, նախագահը պարտավոր չի լինելու ապրիլի 24-ին իր ելույթում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը: Դա որևէ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, բայց կարող է նաև էֆեկտ ունենալ, շարունակականություն ունենալ, և կարող է` այլ պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգերն այդ առումով ազդեցիկ գերտերություն է, և կարող է ազդեցություն ունենալ մի շարք պետությունների վրա, չեմ բացառում, որ նաև Իսրայելում կարող է որոշակի գործընթացներ լինեն»,- ասաց Սարգսյանը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ վերջին 30 տարվա ընթացքում ֆեդերալ մակարդակով որևէ մարմին չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հիմա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի մի պալատը ճանաչում է Ցեղասպանությունը, և մեծ հաշվով արդեն հաջորդ քայլը պետք է լինի Սենատի կողմից ճանաչումը: Իհարկե, ոգևորվածության տեղ կա, որովհետև սա բացառիկ երևույթ է վերջին 30-35 տարիների համար, և, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է մեր համայնքի ու կազմակերպությունների ակտիվ աշխատանքը»,- նշեց նա:
Ամերիկագետի խոսքով` Սենատում համանման բանաձևի ընդունումն, այնուամենայնիվ, որոշակի բարդություններ է պարունակելու:
«Եթե Սենատը ճանաչի, կնշանակի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչված փաստ է: Բայց մենք գործ ունենք 100 սենատորների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է իր վետոյի իրավունքն օգտագործել, և օրակարգ չբերվի այդ հարցի քննարկումը: Սա կարող է բարդացնել գործընթացը: Այս պահի դրությամբ 100 սենատորներից 17-ն են իրենց աջակցությունը հայտնել, սա փոքր թիվ է, բայց լավ է այնքանով, որ և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ կան այդ շարքում»,- ասաց Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանի խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի Սենատում այդ հարցը քննարկվի նոյեմբերի ընթացքում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: