ԱԺ նախագահը ողջունել է Հռոմի քաղաքապետարանի հետ Երևանի 2800-ամյակին նվիրված համաժողովի գաղափարը

Armenpress 16:14, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները:     Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երեւանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը:     Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաեւ մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am