Բյուջեից ԱԻՆ-ին տրամադրվող գումարը կաճի. փրկարար ծառայողների դրամական խրախուսանքները կավելանան

Armenpress 15:56, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2020-ի պետական բյուջեից արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամով ավելի գումար: Փրկարար ծառայողների աշխատավարձերի հավելավճարները կավելանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

«2020-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պետբյուջեից նախատեսվել է հատկացնել 15 մլրդ 184 մլն դրամ, որը 2019-ի համեմատ ավելի է 2 մլրդ 215 մլն դրամով կամ 17.2  տոկոսով: Հիմնականում դա պայմանավորված է ԱԻՆ փրկարար ծառայողների աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների,  դրամական խրախուսանքների ավելացմամբ»,-ասաց Նազարյանը:

Նախարարության համակարգին 2020-ի բյուջետային հատկացումների 11 մլրդ 85 մլն 400 դրամը կամ շուրջ 73 տոկոսը կազմել է աշխատավարձը, իսկ 2 մլրդ 203 մլն դրամը կամ 14.5 տոկոսը աշխատակազմի և փրկարար ծառայողների աշխատակիցների պարգևատրման, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդն է: Իսկ մնացած 1 մլրդ 895 մլն դրամը կազմում են համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների պահպանման մնացած ծախսերը` ներառյալ համակարգում գործող ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը: ՊՈԱԿ-ների 2020-ի բյուջեն 2019-ի համեմատ մնացել է նույնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am