Դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆին և դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը կեզրափակեն  Երևանյան երաժշտական փառատոնը

Armenpress 12:27, 25 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հանրաճանաչ դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինի հետ: Նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Քեմփֆը կկատարի ամենաջազային դասական կոմպոզիտորի՝ Ջորջ Գերշվինի դաշնամուրի ֆա մաժոր կոնցերտը:

Նա բացառիկ տաղանդի տեր դաշնակահար է, ունի ֆիզիկապես հզոր և համարձակ կատարողի հեղինակություն, տաքարյուն խառնավծք  և չի վախենում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ մտածող և խորը զգացմունքային երաժիշտ է:

Ծրագրում բացի Գերշվինի դաշնամուրի կոնցերտից ՀԱՖՆ-ի կատարմամբ կհնչի նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան:

Ալեքսանդր Լիբրայխն այսօրվա դիրիժորական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա կայացման մեջ մեծ դեր է խաղացել Կլաուդիո Աբբադոն, որը ժամանակին հրավիրել է Լիբրայխին աշխատելու Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ Զալցբուրգի «Զատկի փառատոն»-ի շրջանակներում: Լիբրայխն այժմ հանդիսանում է Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Շուբերտի փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս BBC սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ,  Վալենսիայի և այլ նվագախմբերի հետ: Ինչպես Լիբրայխը, այնպես էլ Քեմփֆը առաջին անգամ հանդես կգան Հայաստանում:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել 12 սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ 16 արտերկրյա և հայաստանցի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Նշանակալից համերգներից էին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակի,  մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցի համերգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի հայաստանյան և Վաչե Շարաֆյանի «Ռեքնիեմ անապատի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերաները:

ՀԱՖՆ-ի հաջորդ համերգը կկայան հոկտեմբերի 27-ին, որը նվիրված է կոմպոզիտոր Սերգեյ Սարաջևի 100-ամյակին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am