«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» -ն առաջին հորիզոնականում է. Մանկական. սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Երկրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:
Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Դիսնեյի դասական հեքիաթներից «Սառցե սիրտը» վեցերորդ հորիզոնականում է: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից:
Դիսնեյի դասական հեքիաթներից «Մոխրոտը» յոթերորդ հորիզոնականում է: Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում ու հավատում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին:
«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը ութերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։
Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Տասներորդ տեղում է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Լուիս Քերոլ
«Ալիսը հրաշքների աշխարհում»
Զանգակ 8 10 *Դեյվիդ Լիչֆիլդ
«Արջը և դաշնամուրը»
Զանգակ 8- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024