Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են. Եվրոպայի առաջնություն

Armenpress 03:09, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերի առաջին մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Արշակ Պետրոսյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ, իսկ կանանց ընտրանին կխաղա Ֆինլանդիայի դեմ:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am