Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

Armenpress 18:28, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական խոսքում նշված է. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը:Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար։ Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am