Բողոքի ակցիա՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում

Armenpress 15:32, 23 Հոկտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Պահանջելով աշխատավարձի 30 տոկոս բարձրացում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության  մեքենավարները գործադուլ են հայտարարել, ինչի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։ Չի շահագործվել նաև Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը։  

Հոկտեմբերի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները գործադուլի մասին տեղեկացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ կլինեն Գյումրու «Լոկոմոտիվային դեպո»-ի տարածքում և սպասում են լրագրողներին։ Լրագրողներին, սակայն, այդպես էլ  չի հաջողվել հանդիպել գործադուլավորների հետ։ Նրանք դուրս չեն եկել դեպոյի տարածքից, իսկ լրագրողներն իրենք այնտեղ մտնել չեն կարող, որովհետև այն ստրատեգիական նշանակության հատուկ պահպանվող տարածք է և կողմնակի անձանց մուտքն արգելված է։

Սա երկաթուղայինների առաջին գործադուլը չէ։ Նախորդ գործադուլը նրանք կազմակերպել էին 11 ամիս առաջ, սակայն ասում են, որ այս ընթացքում որևէ բան չի փոխվել ։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am