Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

Armenpress 12:47, 23 Հոկտեմբեր, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 23-ին  ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղման համար։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը և տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական և հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ և ԱՀՀ միջև հետագա համագործակցության վերաբերյալ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am