Շոու բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները

Armenpress 10:51, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,  Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am