Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ

Armenpress 14:50, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց  Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am