Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման ենթակա անտառային տարածքները մաքրվում են ծառերից ու թփերից

Armenpress 14:59, 21 Հոկտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Այժմ Սեւանա լճի ափամերձ անտառների ջրածածկման ենթակա հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտար տարածքի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մաքրման աշխատանքներն ընթանում են հոկտեմբեր ամսի սկզբներից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ: «Սեւանա լճի հիմնախնդիրները եւս շատ են, որոնց կարգավորման մեջ առաջնահերթ ենք համարում լճի ջրի որակի ապահովումը: Այսօր ջրի մաքրությանն առաջին հերթին  սպառնում են ջրի տակ մնացած անտառային բուսական զանգվածները, որոնց նեխումից  լճում առաջանում են անցանկալի, տհաճ երեւույթներ: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ բուսական զանգվածներից մաքրել 700 հեկտար տարածք, իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքները եւս նախապատրաստել Սեւանի բարձրացմանը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտարի վրա: Մաքրման աշխատանքներում կփորձենք ներգրավել նաեւ Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին: Հատված ու արմատահան եղած ծառերից ու թփերից առաջացած վառելափայտը կտրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին: Առանձնակի ուշադրություն կդարձնենք նաեւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցման ուղղությամբ, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նաեւ կեղտաջրերի աղտոտումից: Մտածում ենք Վարդենիկ գյուղի համար մաքրման կայան կառուցելու մասին:  Հարկավոր է լիճը մաքրել ջրի տակ հայտնված շենք-շինություններից: Ամեն կերպ պետք է լուծում տանք այս բնապահպանական լրջագույն խնդիրներին¦,-նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am