Ղազախստանի նախագահն ընդլայնել Է Նազարբաեւի լիազորությունները

Armenpress 13:27, 21 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր Է ստորագրել, որն ընդլայնում Է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Փաստաթուղթը հրապարակված Է նորմատիվային իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Հրամանագրի համաձայն, նախարարների նշանակումը, բացառությամբ արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների, այսուհետեւ նախագահի կողմից կատարվում Է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանած Նուրսուլթան Նազարբաեւի հետ համաձայնեցնելուց հետո: Բացի այդ, հրամանագրի տեքստի համաձայն, Ղազախստանի նախագահի անմիջական ենթակայության եւ նրան հաշվետու մարմինների ղեկավարների նշանակումը նույնպես պետք Է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այդ մարմինների թվում են՝ պետության ղեկավարի վարչակազմը, Գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության կոմիտեն, Ազգային բանկը, հանրապետական գվարդիան, արտաքին հետախուզության ծառայությունը, նախագահի պահպանության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ: Անվտանգության խորհրդի նախագահի հետ այժմ անհրաժեշտ կլինի նաեւ համաձայնեցնել ակիմների՝ մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի վարչակազմերի ղեկավարների նշանակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am