Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Armenpress 12:22, 21 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարևորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:ՀՀ փոխվարչապետը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am