Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Armenpress 18:53, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: 

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարն իր հերթին վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելությանը և դրա հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերին:  Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի հաստատման անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am