Ընթերցողներին ներկայացվեց Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը

Armenpress 22:01, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները ներկայացվեցին ընթերցասերների ուշադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել Էդիթ պրինտ հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին: «Ջոնաթան Քոնլին 2012 թվականին ստանձնեց այս գիրքը գրելու նախաձեռնությունը: Այդ գործընթացը  տևեց յոթ տարի, և գիրքը նվիրվեց Գյուլբենկյանի 150-ամյակին:

Հեղինակն օգտվել է ավելի քան 35 աղբյուրից: Քոնլին մուտք է գործել բանկերի, Օսմանյան կայսրության արխիվներ, օգտվել է Գյուլբենկյանի անձնական նամակագրությունից, փաստագրական տարբեր նյութերից»,-նշեց Էդիթ պրինտ հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ գիրքը ոչ միայն Գալուստ Գյուլբենկյանի կենսագրականն է, այլև ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջան: «Գրքի միջոցով կարող ենք ծանոթանալ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կենսաձևին, տեղեկություններ քաղել այդ ժամանակաշրջանի եվրոպական դիվանագիտության և այլնի վերաբերյալ»,-պատմեց Կարապետյանը:

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։ Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար։ Գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am