Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը

Armenpress 15:30, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են ժամանել փոխգործակցության ներուժին ու հնարավորություններին ծանոթանալու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով: Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում և Իտալիայում: Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաև Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության ներկայացուցիչների այցն ու համագործակցության մտադրությունները՝ նշելով, որ Հայաստանը քաջալերում է Իտալիայի հետ գործարար շփումների և գործնական հարաբերությունների ակտիվացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում մի շարք, այդ թվում ՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է զարգացման մեծ ներուժ, և փոխշահավետ գործակցության առումով դրանք հեռանկարային կարող են լինել: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կապերի ստեղծմանն ու զարգացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am