Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը. նշանակվել է ժամանակավոր հավատարմատար

Armenpress 20:51, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը։

Օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական էջում հայտնի էր դարձել,որ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայազգի Ալան Անդրանիկի Գոգբաշյանը:

Մորանը արտաքին գործերի և համագործակցության գրասենյակում  արտաքին տնտեսական համագործակցության հարցերով դեպարտամենտի ղեկավարն է: Նա դեսպան է եղել Շվեյցարիայում, Ղազախստանում՝ 2009-2012-ին, Ուզբեկստանում՝ 2005-2007-ին, և ոչ ռեզիդենտ դեսպան՝ Լիխտենշտեյնում և Ղրղզստանում: Նա նաև աշխատել է Նայրոբիում, Մոսկվայում, Փարիզում, Թբիլիսիում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am