Մեկնարկել են «Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

Armenpress 10:18, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am