ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը Սևանում օգտագործվել է որպես զբոսանավ. ոստիկանության բացահայտումը

Armenpress 21:45, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ՝առանց պետական գրանցման իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ զբոսաշրջիկների համար Սևանա լճում կազմակերպված նավագնացությունների արդյունքում հավաքագրել են ընդհանուր 15․000․000 դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am