Փաշինյանն ու Ալիևը քննարկել են լարվածությունը մեղմելու հնարավորությունները

Armenpress 21:03, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց: Այն հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ:

Ճաշկերույթը կազմակերպվել է Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am