Հակոբ Արշակյանը ողջունել է N2 համաժողովի մասնակիցներին

Armenpress 16:23, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երևանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց  կապի և թվային ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաև Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաև կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ։Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով։«Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Նախարարն իր խոսքն ավարտել է՝  համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, ևս մի քանի քայլ առաջ մղել։Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին։ Նա կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարևոր հետևությունների հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար։ Նա ներկայացրել է նաև իրենց ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է ինտերնետ կապի և ծառայությունների մատուցման սյուներից մեկը։Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաև RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը։«N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):Եռօրյա համաժողովի ընթացքում  կքննարկվեն  մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան և այլն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am