Ոստիկանությունը հայտնում է երկու տարածաշրջաններում ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին

Armenpress 21:42, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի և Իջևանի ստորաբաժանումների ծառայողների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հոկտեմբերի 5-ին և 6-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։

Նոյեմբերի 5-ին, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, ստուգման են ենթարկել Կողբ համայնքում ապրող մի տղամարդու «Մերսեդեսը», որը բարձված է եղել մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հոկտեմբերի 6-ին էլ Նոյեմբերյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի «ԶԻԼ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 12 խմ փայտանյութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա ապօրինի փայտանյութը ձեռք է բերել Ջուջևան համայնքում։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել են մասնագիտական ստուգումններ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

«Հոկտեմբերի 6-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ Թբիլիսյան խճուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Հաղարծին գյուղի 65-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Անագուններ» հանդամասից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Դարձյալ Հաղարծին գյուղի մի բնակչի փայտանյութով բեռնված մեկ այլ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ հոկտեմբերի 7-ի առավոտյան Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկաններն էին ստուգել: 42-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am