Հայաստանը oտարերկրյա ուղղակի ներդրումային ինդեքսում տպավորիչ արդյունքներ ունի

Armenpress 18:12, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրեցին ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է այս ինդեքսում:

«Հայաստանի տնտեսական զարգացման հիմնաքարերից մեկը կարելի է համարել օտարերկրյա ուղղակի ներդրումների անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ մենք տարիներ շարունակ աշխատանքներ ենք կատարել: Այս միջավայրի վրա ազդող գործոնի գնահատումը կատարվում է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից  հրապարակվող ինդեքսների միջոցով: Այսինքն՝ այդ ինդեքսները պոտենցիալ ներդրողների համար հասկանալի ինֆորմացիա են պարունակում տվյալ երկրի վերաբերյալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ ներառված է եղել «Doing business» ինդեքսում, սակայն ուղղակի գործարարությամբ զբաղվելու ինդեքսի չափանիշներն ու մեթոդաբանությունն ամբողջությամբ չեն ներառում ներդրումային միջավայրի գնահատականը: 2017 թվականից Հայաստանը սկսել է համագործակցել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հետ: Այն ունի օտարերկրյա ուղղակի ներդրումների սահմանափակումների ինդեքս հասկացությունը, որը հենց ուղղված է ներդրումային միջավայրի գնահատականին իրավական տեսանկյունից:

«Այսինքն՝ ներկայացվում է, թե ազգային օրենսդրության, միջազգային պայմանագրերի մակարդակում ինչպիսի կարգավորումներ են գործում, և որքանով է այդ դաշտն ազատ, առանց սահմանափակումների օտարերկրյա ներդրողների համար: Մենք, որպեսզի այս մասով էլ ունենանք չափելի արդյունքներ, այս համագործակցությունը սկսել ենք և հիմա առաջին անգամ ներգրավվել ենք այդ ինդեքսում: Տպավորիչ արդյունքներ ունենք, մենք ներգրավվել ենք ու զբաղեցրել ենք տեղ առաջին տասնյակում: Պետք է նշել, որ այս ինդեքսում ներգրավված են մեծ քսանյակի երկրները, կազմակերպության անդամ պետությունները և առաջին տասնյակում ընդգրկվելն արդեն տպավորիչ արդյունք է» ,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ մեթոդաբանության հիմքում ընկած են տարբեր ոլորտների ուսումնասիրությունները, որոնք հիմնականում վերաբերում են օտարերկրյա ներդրումների համար խոչընդոտներ առաջացնող օրենսդրական կարգավորումներին: Ըստ ինդեքսի ցուցանիշների՝ Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքիայից և այլն:

Հայաստանում ներդրումների կառուցվածքում առաջինը Ռուսաստանն է, հետո եվրոպական երկրները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am