Քարդաշյանը ոգևորված է, որ հնարավորություն է ստացել երեխաներին մկրտել Հայաստանում

Armenpress 14:10, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ կարևորություն է տալիս նրան, որ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ կարողացել են երեխաների մկրտել Հայաստանում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում:

Քարդաշյանի զրուցակիցը հետաքրքրվեց, թե Հայաստանում հատկապես ՏՏ համաժողովին լինելն ինչ նշանակություն ունի իր համար:

«Ես ավելի հպարտ չէի կարող լինել, ես պետք է իմ երեխաներին բերեի: Իմ քրոջ՝ Քորթնիի հետ Հայաստան գալը և երեխաներին երեկ այստեղ՝ Հայաստանում մկրտելու հնարավորություն ստանալը ամեն ինչ է մեզ համար»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ դա միշտ կհիշեն:

Հեռուստաաստղի ուրախությունն իսկապես մեծ է եղել, երբ լսել է, որ ՏՏ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:

«Ես հուզված եմ նորից այստեղ գալով: Ինձ համար ամեն ինչ է այստեղ լինելը»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ ինքը հպարտ է, որ հսկայական ՏՏ համաժողովն անցկացվում է Հայաստանում:

«Սա հիանալի է մեր երկրի համար, ես այնքան հուզված եմ, որ ամբողջ աշխարհից մարդիկ այդքան ուրախ են՝ մասնակցելու հսկայական ՏՏ համաժողովին, որն անցկացվում է Հայաստանում»,-ասաց Քարդաշյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am