Էրմիտաժի թանգարանի տնօրենին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Armenpress 11:50, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին ընդունեց Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստում որոշման նախագծին կողմ քվեարկեց ավագանու 47 անդամ, ավագանու մեկ անդամ դեմ քվեարկեց, ևս մեկ անդամ՝ ձեռնպահ:

Ավագանու անդամներին որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

«Հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Բորիսի Պիատրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր անդամներին, ունենք մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական կարծիքը»,- ներկայացրեց Վարդանյանը:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ընդգծեց, որ հարցին տվել են դրական եզրակացություն և համաձայն են Միխայիլ Պիատրովսկուն շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am