Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

Armenpress 14:10, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ալումյանը նշեց՝ պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա. Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ալումյանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի  միջնորդությունը։

2008 թվականի մարտի 1-2-ն  ընկած  ժամանակահատվածում  Երևան  քաղաքում  տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ  Յուրի  Խաչատուրովին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին  հոդվածի 1-ին  մասով  այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am