Արայիկ Հարությունյանն ընդգծեց WCIT-ի դերը կրթության զարգացման վրա

Armenpress 13:40, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կրթության զարգացման տեսանկյունից դրական է գնահատում Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) անցկացման դերը: Այս մասին նախարարն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այստեղ նախ ֆիքսում ենք, թե այս պահին ինչ ունենք, արտասահմանյան մեր գործընկերների դրական փորձն ենք ներառում և համագործակցության լուրջ հարթակներ ստեղծում: Արդեն որոշակի քննարկումներ կան պայմանավորվածությունների համար, հիմա այդ փուլն է, և տեսնում եք, թե որքան նոր բաներ կարող ենք տեխնոլոգիական առումով աշխարհին ներկայացնել»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը համագործակցության պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ համաժողովի ավարտին կարող են ամփոփել կատարված աշխատանքը:

Անդրադառնալով կրթության ոլորտում ՏՏ ոլորտի հագեցվածությանը՝ նախարարը նշեց, որ դպրոցներին բարձր տեխնոլոգիաներով ապահովման գործընթացը շարունակվում է:

«Արդեն այս տարվանից դպրոցները հագեցնում ենք ինժեներական լաբորատորիաներով: Դպրոցների շուրջ 50%-ում կունենանք ինժեներական լաբորատորիաներ, կաշխատենք, որ մյուս 50%-ի բացը լրացնենք հաջորդ տարի և միջնաժամկետ կտրվածքով վստահ ենք, որ այն մեծ ազդեցություն է ունենալու ինչպես հանրակրթության, այնպես էլ մյուս ոլորտների զարգացման վրա»,- նշեց Հարությունյանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am