Իվոն Չուն արհեստական բանականությունից վախենալու հիմք չի տեսնում

Armenpress 13:21, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն արհեստական բանականությունից վախենալու հիմք չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չուն ասաց հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից, որովհետև նոր տեխնոլոգիաները օգնում են մեզ ապրել ավելի լավ, ավելի լավ կյանք ունենալ: Մենք պետք է իմանանք, թե ինչպես օգտագործել դրանք, ոչ թե թույլ տանք, որ արհեստական բանականությունն օգտագործի մեզ»,- ասաց Իվոն Չուն:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am