Շաքարավազի շուկա նոր ընկերություններ են մուտք գործել  

Armenpress 15:25, 3 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։«Ուրախալի լուր ասեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Խոսելով բենզինի շուկայի մասին՝ Գևորգյանն ասաց, որ մեր երկիրը  բենզինը ձեռք է բերում մեկ աղբյուրից։ «Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց նա:

 Խոսելով կոնյակի շուկայի մասին՝ Գեղամ Գևորգյանը հավելեց, որ այստեղ խոսքը կարող է լինել անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։ Ստուգումներ են իրականացվելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am