Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում

Armenpress 15:28, 1 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում (Ամստերդամ): Համերգին կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այստեղ նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը:

Սա Թոփչյանի երրորդ համագործակցությունն է այս նվագախմբի հետ, որը նա ղեկավարել է Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում:

«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թվականներին Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով:

«Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբադոն, Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, այլք: Հոկտեմբերի 5-ին Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում:

Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  Թոփչյանի հայաստանյան համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին: Համերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուս, Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am