ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի վերաբերյալ որոշում դեռ չունի

Armenpress 15:11, 1 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավական դաշտում քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթուղթը և դեռ վերջնական դիրքորոշում չունի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Ես հիմա չեմ ուզում ոչ մի գործընթաց խրախուսել, տարակարծության հիմքեր տալ, դրա համար, երբ որ մեր իրավաբանները կտան եզրակացությունը, խմբակցությունում կլինի քննարկում, և մինչև նիստում քննարկումը մեր դիրքորոշումը պարզ կդառնա»,-ասաց Աբովյանն ու վստահեցրեց՝ փաստաթուղթն ուսումնասիրում են իրավական և իրավաբանական համապատասխանության տեսանկյունից:

Աբովյանի վստահեցմամբ՝ իրենց գնահատականը ևս լինելու է իրավական:

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am