Շիրակի մարզի և Չինաստանի Խայնան նահանգի միջև կնքվելու է համագործակցության հուշագիր

Armenpress 20:17, 26 Սեպտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ի միջև երեք ամիս առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած գործարարներին։

«Հայ-չինական բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի։ Այժմ էլ մեր երկու երկրներն առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը։ Մենք ևս պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք մեր հնարավորությունների սահմաններում համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար։ Այդ նպատակով արդեն հիմնադրամի հետ ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքն է նաև այս հանդիպումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձնացնելով հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ նշեց Տիգրան Պետրոսյանը։ «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի խոսքերով՝ առանձնապես ողջունելի է Շիրակի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեղեկատվության ժամանակին տրամադրումն ու  համագործակցությունը։ Համագործակցության արդյունքում առաջիկայում, Շիրակի մարզի  և   Չինաստանի Խայնան նահանգի միջև  կնքվելու  է համագործակցության հուշագիր: «Նրանք պատրաստ  են անմիջապես մի քանի ծրագրերով ներդրումներ իրականացնել՝ բազալտի և բազալտային թելերի արտադրության, բնակելիների շինարարության, ՏՏ ոլորտի զարգացման,  տարբեր  արտադրանքների, այդ թվում նաև սննդամթերքի արտահանման հետ կապված: Ներդրողները շատ ավելի են հետաքրքրված, քան մենք կարող էինք  պատկերացնել»,- տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը՝ վստահեցնելով, որ Գյումրիում հնարավոր է ոչ միայն բնակարանային շինարարություն, այլ նաև  հնարավորության դեպքում նաև չվերթներ  իրականացնել: «Արդեն բանակցություններ են տարվում մի քանի ավիաընկերությունների հետ՝  Չինաստան-Հայաստան չվերթ իրականացնելու մասին, իսկ ինչ վերաբերում է օդանավակայանի ընտրությանը, ապա  դա քննարկվում է, թե որ  օդանավակայանն ավելի հարմար կլինի չինական ավիաընկերությունների համար, եթե Գյումրու օդանավակայանը կհամապատասխանի չինական ավիաընկերությունների  տեխնիկական նորմերին, ապա  առաջնահերթությունը կտրվի նրան»,-նշեց Վլադիմիր Սիմոնյանցը: Ձեռնարկված քայլերի արդյունքում «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ին տրված է հնարավորություն իրականացնելու ապրանքների արտահանում Շիրակի մարզից Չինաստան՝ Խայնան: Խայնանում նախատեսվում է բացել հայկական առևտրական պալատ։

Հանդիպման ընթացքում Եվրասիական կազմակերպության տնտեսական համագործակցության քարտուղարի տեղակալ Գե Չժիենի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի միջև ստորագրվեց  համաձայնագիր երկու երկրների մասին պատմող ֆիլմերի ու հեռուստահաղորդումների փոխադարձ ցուցադրության մասին։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am