Մայր ԲՈՒՀ-ում նոր բարեփոխումներ են սպասվում. կհիմնանորոգվեն ուսումնաարտադրական բազաները
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում առաջիկայում նոր բարեփոխումներ և միջոցառումներ են սպասվում, չեն բացառվում նաև կադրային որոշ փոփոխությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խոսեց համալսարանում իրականացվող բարեփոխումների, 100-ամյակի առթիվ իրականացվող միջոցառումերի, նոր ծրագրերի, կադրային փոփոխությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:
- Պարոն Գևորգյան, ինչպիսի՞ բարեփոխումներ եք արել այս մի քանի ամսվա ընթացքում, երբ ստանձնել եք ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները: Սպասվո՞ւմ են արդյոք նոր փոփոխություններ:
- Առաջին խնդիրը, որ պետք է լուծի ցանկացած գործատու՝ աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավումն է: Այդ ամենը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում և սոցիալական ապահովության այլ միջոցների ներդրում: Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք ապահովելու համար պետք է մատուցել որակյալ կրթական ծառայություն: Արդյունքում ուսանողը կդառնա ավելի մրցունակ և հետագայում կկարողանա ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը: Որակյալ կրթության և աշխատակիցների սոցիալական ապահովության խնդիրները փոխկապակցված են: Սրանք ժամանակ և համբերություն պահանջող խնդիրներ են, և այդտեղ շատ կարևոր է շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Որակյալ կրթություն ապահովելու համար շատ կարևոր է ուսանողների ներգրավվածությունն այս գործընթացում: Նրանք պետք է պահանջատեր լինեն բովանդակության առումով, այսինքն՝ կարող են առաջարկներ անել համալսարանին՝ ուսումը կազմակերպելու առումով: Դասախոսները՝ բարձր աշխատավարձ ունենալու համար պետք է ապահովեն այդ որակյալ կրթությունը:
-Լինելո՞ւ են արդյոք կադրային փոփոխություններ:
- Անշուշտ, կադրային փոփոխություններ եղել են և դեռ կլինեն, քանի որ հազարավոր աշխատակիցներ ունեցող կառույցը չի կարող ունենալ կայուն աշխատակազմ: Այս ընթացքում արդեն իսկ փոխվել է 3 պրոռեկտոր: Կառուցվածքային փոփոխություններ եղան, և երկկողմ համաձայնությամբ նրանք գրեցին ազատման դիմումներ: Երկարատև աշխատանքի համար նրանց պարգևատրել եմ, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ես ձևավորել եմ նոր թիմ: Պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով որոշ լաբորանտներ լքել են աշխատանքը, մի քանի դասախոսի պայմանագիր ընդհատվել է, քանի որ նրանց կատարած աշխատատեղն արդեն չկա, որովհետև ուսանողների թիվը կրճատվել է:
- Քանի՞ ուսանող է սովորում և քանի՞ դասախոս է դասավանդում համալսարանում:
- Այս պահին ԵՊՀ-ում դասավանդում է մոտ 1200 դասախոս: Ունենք ժամավճարով, համատեղությամբ և հիմնական աշխատող դասախոսներ: Ուսանողներից մոտ 3000 1-ին կուրսեցի անցել է մրցույթը, սակայն նրանք ուսանող կհամարվեն, երբ կվճարեն ուսման վարձը: Ուսանողների քանակը հստակ չի, քանի որ այս պահին կան ուսանողներ, որոնք, հնարավոր է, հեռացվեն համալսարանից:
- Այս տարի ԵՊՀ-ի 100-ամյակն է: Մինչև տարվա վերջ ի՞նչ միջոցառումներ են սպասվում:
-Համալսարանի կենտրոնական մասնաշենքի բոլոր հարկերում այժմ կան ցուցադրություններ՝ գեղանկարների, հնատիպ գրքերի, կիրառական արվեստի և այլն:
100-ամյակի առիթով Հայաստան է ժամանել մոտ 30 երկրի 50-ից ավելի պատվիրակություն՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից, Լատվիայից, Ղազախստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չեխիայից, Բելգիայից, Բրիտանիայից և այլն: Սեպտեմբերի 27-ին գիտխորհրդի դահլիճում կլինի խորհրդաժողով՝ «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունն ու նորարարությունը 21-րդ դարում» խորագրով: Այս ամենից հետո գիտխորհրդի անդամներն ու հյուրերը մագիստրոսական մատյաններով երթ են կազմակերպելու դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Այնտեղ երեկոյան ժամը 17:00-ին կլինի հանդիսավոր նիստ և համերգ՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Նիստին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Հյուրերի և բոլոր մասնակիցների պատվին լինելու է հյուրասիրություն: Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին, ԵՊՀ-ի առջևի հրապարակում լինելու է մեծ երիտասարդական համերգ և հրավառություն: Համերգին մասնակցելու են Արամ MP3-ը և Գոռ Սուջյանը: Այս միջոցառմանը կհաջորդի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:
Սեպտեմբերի 26-ին նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալ համալսարանի հետ, այցելել թանգարան, տեսնել ցուցադրությունները և այլն: Նույն օրը նրանք այցելել են Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, եղել են Ցեղասպանության թանգարանում և պատվավոր հյուրերի պուրակում նրանք տնկել են եղևնիներ: Երեկոյան Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում մեր ուսանողների ուժերով ներկայացվել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը:
-Ի՞նչ նոր ծրագրեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:
- Վերջերս գործարկվեց մեր հանրակացարանը, որը գտնվում է Երևանում՝ Ավանում, սակայն այն անվճար չէ, քանի որ տարբեր ծառայություններ են մատուցվում: Կիևյան փողոցի վրա կա ևս մեկ մասնաշենք, որը ցանկանում ենք շահագործման հանձնել: Հայաստանում կա 4 ուսումնաարտադրական բազա, որոնցից այս պահին օգտագործվում է միայն Ծաղկաձորինը: Մյուսները գտնվում են Հանքավանում, Դիլիջանում և Բյուրականում: Հանքավանի բազան շատ կարևոր է մեր կրթական գործընթացի համար, քանի որ համալսարանի աշխարհագրագետները, երկրաբաններն ու կենսաբաններն իրենց պրակտիկան պետք է անցնեն այնտեղ: Հանքավանի բնությունն այդ երեք մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողների համար ավելի կարևոր և հարմար է: Դիլիջանի բազան նույնպես շատ կարևոր է: Բյուրականի ուսումնաարտադրական բազան կիսով չափ գործում է և արդեն իսկ նախաձեռնել եմ մասնաշենքերից մեկի հիմնանորոգումը: Այս պահին փորձում ենք մրցույթ հայտարարել նախագծային աշխատանքների համար: Այս ամենը կապված է մեծ գումարների հետ, որը պետք է փորձեմ հայթայթել:
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի