Հակառակորդի դիրքերին մոտ գտնվող հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից

Armenpress 11:27, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող Ոսկեպար- Բաղանիս ճանապարհը շրջանցող ռազմավարական նշանակության նոր ճանապարհ է կառուցվում: Այն պատրաստ կլինի ամենաուշը նոյեմբերի սկզբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների կարևորության մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մի քիչ այն կողմ Բաղանիս գյուղն է, որը գտնվում է Ադրբեջանի դիրքերին մոտ: Եղած ճանապարհը շատ մոտ էր Ադրբեջանի դիրքերին, և երբեմն կրակի տակ կարող էր հայտնվել: Հիմա այս ճանապարհի կառուցմամբ ապահովում ենք մեր մեքենաների անվտանգ երթը դեպի Նոյեմբերյան»,-ասաց նախարարը։

Բացի այդ, պատնեշները փակում են տեսանելիությունը: «Մի կողմից ճանապարհն ենք բարեկարգում, մյուս կողմից կատարում ենք ռազմավարական նշանակության աշխատանք»,-նշեց Պապիկյանը:

Ճանապարհը շրջանցելու այս հատվածը մոտ 1 կմ է: Թեև պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի կեսերին, սակայն կապալառու կազմակերպության` «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: «Այս պահին իրականացված է հողային աշխատանքների մոտ 99 տոկոսը: Մնացած հողային աշխատանքները կավարտենք 2 օրից»,-ասաց Բեզոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am