Վերապատրաստում և աշխատաժողովների շարք՝ ուսուցիչների և տնօրենների համար

Armenpress 13:13, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության,  ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է աշխատաժողովների շարք` ուսուցիչների և  տնօրենների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, «Բազմակարծիք կրթական համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման եռօրյա աշխատաժողովները:

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն կրթության   բովանդակության և նպատակների,  բազմակարծիք ու մասնակցային  դպրոցական մշակույթի և կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված  հիմնարար գիտելիքներ: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են գործնական հմտություններ,   ուսուցման և գնահատման նոր մեթոդների, փափուկ հմտությունների զարգացման, աշակերտների կարծիքի և հետադարձ կապի ամրապնդմամբ` մասնակցային դասի, քննադատական մտածողության և այլ թեմաների վերաբերյալ: Դասընթացին մասնակցող ուսուցիչները ընտրված դպրոցներում կվարեն փորձնական դասեր` շեշտը դնելով կոմպետեցիաների զարգացման վրա, իսկ տնօրենները կկատարեն  արդյունավետության գնահատում:

Առաջին փուլի դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում` սեպտեմբերի 23-25-ը և  Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցում` սեպտեմբերի 26-28-ը: Ծրագրի մասնակիցները ձեռքբերված հմտությունները հետագայում կփոխանցեն կրթական համակարգի մյուս շահառուներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am