Լանջաղբյուրում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման ծրագիր

Armenpress 21:14, 23 Սեպտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 468 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը: Կառուցվելու կամ կապիտալ նորոգման է ենթարկվելու 9 տարբեր փողոցների ջրատար առուները՝ երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի սկզբներից եւ կավարտվեն մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը:  «Սեպտեմբերի 23-ի դրությամբ իրականացվել է աշխատանքների մոտ 60 տոկոսը: Այս ծրագրի իրականացման արդյունքում մի կողմից մենք կրճատելու ենք ոռոգման ջրի կորուստները, մյուս կողմից էլ ինը փողոցներում ճանապարհները պաշտպանում ենք վնասվելուց կամ քանդվելուց: Եկող տարվա ոռոգման սեզոնի մեկնարկում մենք կունենանք միանգամայն նորացված ոռոգման ներքին ցանց »,-ներկայացրեց Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am