ՀՀ առողջապահության նախարարությունը մասնակցել է ՄԱԿ-ի հռչակագրի նախագծի լրամշակմանը

Armenpress 18:08, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գերատեսչությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ներկայումս ոլորտի առաջնահերթություններից է:  Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները ներկայացնելու գործում, ինչպես նաև կօգնի Ասամբլեայի օրերին շահագրգիռ բանակցություններ վարել ոլորտի զարգացման նպատակով տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող գործընկերների հետ: Քննարկվելու են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am