ԱԺ պատգամավորները Դումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Armenpress 14:43, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կործանիչ, հարձակողական նշանակության զենք վաճառելու հարցով մտահոգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,-ասաց Մելքումյանը:

Նա շեշտեց՝ որևէ մեկը չի պնդում, թե բոլոր տեսակի զենքերը չպետք է վաճառվեն, Ռուսաստանը, բնականաբար, իր ազգային պետական շահերն է սպասարկում: Նա նշեց՝ սակայն կործանիչ, հարձակողական նշանակության զենքերը չպետք է կրակեն: Մելքումյանը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ի ապագա նիստում այս հարցը կքննարկվի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am