Թուրքիայում Բինալի Յըլդըրըմի համար նոր պաշտոն է նախատեսվում

Armenpress 14:39, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է զբաղեցնել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահականում Յըլդըրըմի համար արդեն աշխատասենյակ է պատրաստվում: Ֆուաթ Օքթայից հետո նա լինելու է Թուրքիայի երկրորդ փոխնախագահը:

Բինալի Յըլդըրըմը հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի արտահերթ ընտրություններում երկու հիմնական թեկնածուներից մեկն էր: Սակայն, ընտրությունների արդյունքում նա զիջել էր առավելագույն ձայներ ստացած Էքրեմ Իմամօղլուին, որը առաջադրված էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am