Նոր տարին պետք է բացառիկ շունչ ունենա Հայաստանում. Փաշինյանը Ամանորին սփյուռքահայերին հրավիրեց Երևան

Armenpress 12:41, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում:

«Եվ ուզում եմ առաջարկ անել բոլոր ներկաներին. ցավոք սրտի երկար տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ Նոր տարին, Սուրբ ծնունդը շատ հայաստանցիներ նշում են Հայաստանից դուրս: Մենք այսօր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում մտածում ենք, որ այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Երևանը սովորաբար Ամանորին բավականին դատարկված է լինում, և մենք ուզում ենք այնպես անել, որ այս տարվա Ամանորին Երևանի փողոցները և հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով: Սովորաբար Երևանի կենտրոնում ռեստորաններն ամանորյա օրերին փակ են լինում, միջոցառումներ չեն լինում: Հիմա մենք մի հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Ձեզ բոլորիդ հրավիրենք: Այս տարի սփյուռքը Նոր տարին, Ամանորը նշում է մայրաքաղաք Երևանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am